Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մոսկովյան կենտրոններում նոր են խորությամբ ըմբռնում «ղարաբաղյան աղյուսի» կոնցեպտը

Մոսկովյան կենտրոններում նոր են խորությամբ ըմբռնում «ղարաբաղյան աղյուսի» կոնցեպտը
07.07.2025 | 14:06

Վերջին ամիսները նշանավորվեցին միջազգային հարաբերություններում եղած իրողությունների արմատական փոփոխություններով: Մենք ականատեսը եղանք Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային կարողություններին հասցված հզոր հարվածին և կարճատև պատերազմին: Այնուհետև հերթական տեղապտույտը գրանցվեց Ուկրաինայում պատերազմի դադարեցման ամերիկյան ջանքերում: Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով եղավ Մոսկվայում, բայց ինչ արդյունքներով, մնաց չլուսաբանված: Էրդողանը նորից փայլեց իր դիվանագիտությամբ և մնաց իր բարձունքին: Նա շարունակում է մնալ ամենապահանջված պետական առաջնորդը բոլոր բևեռների համար: Ստեփանակերտում նա իր դաշնակից Ալիևի հետ գումարեց իսլամա-թյուրքական տնտեսական համագործակցության կառույցի գագաթնաժողովը, որտեղ նորից հնչեցին Հայաստանի դեմ վերջնագրային բնույթի պահանջներ: Այս իրադարձությունները մեզ համար նշանավորվում են մի քանի նոր իրողություններով: Առաջինը դա Իրանի նախագահ Փեզեշքիանի մասնակցությունն էր Ստեփանակերտի ֆորումին և ողջագուրումը Ալիևի հետ: Դա այդքան էլ տարօրինակ չէր լինի, եթե Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական խորացված ռազմա-տնտեսական գործընկերը չլիներ: Փաստորեն ստացվեց, որ տարածաշրջանում Իսլամական Հանրապետության թիվ մեկ թշնամի Իսրայելի հետ սերտ համագործակցող Ադրբեջանը Իրանի հետ նույնպես եղբայրության մեջ է: Ոմանք սա համարում են պարսկական հեռատեսության, ճկունության և թաքուն ծալքեր ունեցող դիվանագիտության դրսևորում կամ խորամանկություն: Ամեն դեպքում, ներկա իրավիճակը ՌԴ-Իրան-Ադրբեջան եռանկյունում մնում է չբացահայտված և ստվերային: Երկրորդ անսպասելի իրողությունը ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների սրումն էր, այն դեպքում, որ 2016-ից հետո դրանք զարգացել են դրական միտումներով: Նորմալ բարոյական տրամաբանությունը ենթադրում էր, որ Ղարաբաղի կլանման 2020-23թթ. իրադարձություններում Մոսկվայի և Թեհրանի իներտ վերաբերմունքը պետք է որ Բաքվում երկարատև երախտագիտության և ջերմության մթնոլորտ ապահովեին Պուտինի հանդեպ: Այն, որ թուրքական դաշինքը երբեք էլ չի կարող Ռուսաստանի բարեկամը և դաշնակիցը լինել՝ բոլորս էլ շատ լավ գիտենք: Պատմությունն է ապացուցել հազար անգամ, չարժե նորից կրկնել հանրահայտ փաստերը: Կարևորը՝ կանխատեսել ներկա զարգացումները: Կարծում եմ, ամենայն հավանականությամբ, ռուսական հետախուզական հատուկ ծառայությունները բացահայտել են Զելենսկու վարչակարգին ցուցաբերված թուրք-ադրբեջանական աջակցության նոր փաստեր: Միայն դա կարող էր այդպիսի բացասական հակազդեցություն առաջ բերել: Ինչ-որ չորս-հինգ տարի առաջ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների հանցագործությունների բացահայտումը հիմնարար բացատրություն չի և միջպետական հարաբերությունների սրման պատճառ չի կարող լինել: Բաքու-Մոսկվա լարվածության շարունակման դեպքում Ադրբեջանը որպես հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար: Հատկապես, որ Վրաստանը չարդարացրեց իր հետ կապված նման հույսերը: Արևմուտքն ինչպե՞ս պետք է հավասարակշռի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա իր ազդեցությունը ուժեղացնելու և Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու համար: Ինտրիգային հարցադրումը մեզ համար սա է մնում: Գուցե և իր մոդերատորությամբ արագացնի խաղաղության պայմանագրի կնքումը և Թուրքիայի հետ ապահովի սահմանի բացումը Զանգեզուրի միջանցքի դիմաց: Այս սցենարի դեպքում իսկապես կարող է ռուսական ազդեցության հետ կապված երեսնամյա պայքարը ավարտվել: Ի դեպ, մոսկովյան կենտրոններում նոր են խորությամբ ըմբռնում «ղարաբաղյան աղյուսի» կոնցեպտը: Այդ մեկ աղյուսը փլուզեց ողջ տարածաշրջանի կայունության ճարտարապետությունը, պարզվեց, որ այդ մեկ աղյուսի վրա էր հիմնված շինությունը: Դե, ի՞նչ արած, հետո պատմաբանները կգրեն կրեմլյան դիվանագիտության ճակատագրական սխալի մասին: Իսկ հայաստանյան փորձանքագիտական ռահվիրաների ուշադրությունը հրավիրում եմ Ադրբեջանի արևմտյան դրեյֆի վրա. գնահատեք և «լուսաբանեք»:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ